08/11/2023 13:44
Իրավապահները չեն հերքում Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը. «Փաստինֆո»
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման որոշում ունենալու, նրան ձերբակալելու մասին լուրը դատախազությունը չի մեկնաբանում, ըստ այդմ՝ նաեւ չի հերքում, գրում է «Փաստինֆո»-ն։
Կայքը, հղում կատարելով իրավապահ համակարգի սեփական աղբյուրներին, արդեն հայտնել է, որ քաղաքական իշխանության կողմից իրավապահների առաջ խնդիր է դրվել ԶՄՊԿ-ին առնչվող գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում են նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները։
«Փաստինֆո»-ն գրում է՝ մեկնաբանության համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որն, իհարկե, կուղարկեն և պատասխանը ստանալուց անմիջապես հետո կհրապարակեն։ Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ իրավապահները փաստացի բանավոր չեն հերքել լուրը։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը այս պահին Հայաստանում չէ։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ նա նշել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկայումս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, եւ չի բացառել իր նկատմամբ նոր բեմադրության կազմակերպումը։