08/11/2023 14:41
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հերթական բացահայտումը. կոռուպցիոն դրսևորման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են:
Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը: Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, իսկ չորրորդի հրամանագրումը առողջական խնդիրների պատճառով չի եղել, և որպես կաշառք վերցված 100 000 դրամը վերադարձվել է:
Ոստիկանության վերոհիշյալ երկու ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծառայողական քննությունը և քրեական վարույթն ընթացքի մեջ են:
Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի: