08/11/2023 14:52
Շուտ ուրախացանք ու մեր հաղթանակը չպահեցինք․ Շուշիի քաղաքապետ
Ամոթի տարիները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև միասնական դառնանք, ուժեղանանք։ Հիմա սա հավանական չէ, հիմա բոլորը խառն են իրենց գոյությունը պահպանելու հարցերով. սա կկարգավորեն, հետո ոտքի կկանգնեն։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Երբեք չեմ մտածել, որ Ադրբեջանը Ստեփանակերտում շքերթ կանցկացնի, բայց իրողություն է, որին ինչքան էլ դեմ լինենք, ականատես ենք։ Արցախում մենք էլ մեր շքերթներն ենք արել, ավելի լավը, քան Ադրբեջանը, սա իրենց նպատակն էր, որ Շուշին բռնազավթեն ու Արցախն իրենցով անեն․ բնական է, որ այսպես են անում», - ասել է նա։
Հարցին՝ Արցախի իշխանությունը որքանո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար՝ պատասխանել է․ «Միայն Արցախի իշխանությունը չէ, նաև Հայաստանի իշխանությունն է պատասխանատու։ Բոլորն են պատասխանատու, նույնիսկ Սփյուռքը։ 1988 թվականին միասնական էինք, բայց հետո պառակտվեցինք ու եղավ այն, ինչ եղավ։ Ամեն մի հայ պատասխանատու է, որովհետև այդ սև ու սպիտակի, արցախցի-հայաստանցի բաժանումը տրամաբանորեն այս իրավիճակը ստեղծեց»։