08/11/2023 12:39
Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել. պետք է կնքենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նոր պատերազմի հավանականություն չի առաջացնի. Գևորգ Պապոյան (Տեսանյութ)
Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 74-75թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանը կարող է մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա։ Մյուս տարբերակով, ըստ Պապոյանի, կարող են լինել ինչ-որ վարելահողեր, որոնք պատկանել են մեր գյուղերին ու պետք է անցնեն մեզ։
«Հայաստանի տարածքը լինելու է ու պետք է լինի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Նա կարծում է, որ խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են պարունակել «ռումբեր»։
«Մենք պետք է կնքենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի որևէ խնդիր ու նոր պատերազմի հավանականություն»,- ընդգծեց Պապոյանը։