08/11/2023 10:29
«Ժողովուրդ». Ինչու է Սաշա Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի և նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական:
Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, և ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթև ձեռքով» և «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է և բավականին կոնֆլիկտային մարդ»:
Նշենք, որ Արման Բարխուդարյանը «շրջագայել է» երկու փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի գրասենյակներով, եղել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը, և, որ ամենակարևոր կետերից է, Կատվալյանի և Ավինյանի մտերիմն է եղել:
Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանը հեռացրել է հին աշխատողների մեծամասնությանը՝ տեղ տալով իր բերած կադրերին՝ նույն այն անձանց, որոնք բերման ենթարկվեցին:
Ինչպես մեզ պատմեցին թաղապետարանի նախկին աշխատակիցները, Բարխուդարյանը ևս նեղված է եղել Կատվալյանի ներկայությունից: Պարզվում է, որ պարոն Կատվալյանը, լինելով քաղաքապետի խորհրդական, իր օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տարբեր այցերի ժամանակ էլ ուղեկցել է Բարխուդարյանին, նկարների մեջ երևացել, Բարխուդարյանն էլ հրահանգել է հաջորդ անգամ այնպես նկարել, որ Կատվալյանը նկարներում չերևա, որովհետև վարչական շրջանի ղեկավարը ինքն է և ոչ թե Կատվալյանը»։