08/11/2023 09:58
«Հրապարակ». Արագած Ախոյանի դեմ նույն հոդվածով ևս մեկ քրեական գործ կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ քաղբանտարկյալների շարքերը համալրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «բռնության կոչեր» տարածելու հոդվածով, և անմիջապես էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը` մեկ ամսով արգելանքի տակ վերցնելով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում մեկ տողանոց գրառում արած անձին։
Բայց պարզվում է՝ Ախոյանի դեմ նույն հոդվածով ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին:
Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի և այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել և բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն»։