09/11/2023 23:19
Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել աչքում հայտնված օտար մարմինը
Աչքի մեջ պատահաբար հայտնված օտար մարմինը կարող է առաջացնել ոչ միայն տհաճ զգացողություն, այլև՝ տարբեր հետևանքներ ու բարդություններ:
Դուք կարող եք փորձել հեռացնել աչքում հայտնված օտար մարմինը՝ լվանալով այն մաքուր գոլ ջրով: Սակայն պետք չէ փորձել ինքնուրույն հեռացնել աչքի օտար մարմինը բամբակով, անձեռոցիկով կամ որևէ այլ կերպ: Նման դեպքերում անմիջապես պետք է դիմել բժշկի։
Այն ամենը, ինչը արտաքին միջավայրից հայտնվում է աչքի մեջ կամ կոպի տակ, կարող է համարվել օտար մարմին՝ փոշու հատիկներ, մետաղական կամ փայտյա ծլեպներ և այլն: Նման իրավիճակի հետ կարելի է առնչվել տարբեր աշխատանքներ կատարելիս՝ ատաղձագործական, այգեգործական կամ կենցաղային: Սովորաբար օտար մարմինները հայտնվում են աչքի կոպի տակ կամ եղջերաթաղանթի մակերևույթին:
Օտար մարմնի առկայության դեպքում արտահայտվող ախտանշաններն են՝
աչքի ցավերն աստիճանաբար ուժեղանում են կամ ի սկզբանե սաստիկ են,
տեսողության խանգարում կամ կտրուկ կորուստ,
տեսողությունը դառնում է մշուշոտ կամ տեսադաշտում հայտնվում են սև բծեր/կետեր,
առկա է աչքից արտադրություն, հատկապես՝ դեղնավուն կամ արյունային,
առաջանում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
Աչքի վնասվածքների մեծ մասը կարող է ինքնուրույն լավանալ: Սակայն, եթե օտար մարմինը չի հեռացվում, կարող է առաջացնել վարակում կամ սպիացում (շարակցական հյուսվածքի գերաճ):
Եթե օտար մարմինը ծակել կամ քերծել է աչքի եղջերաթաղանթը, աչքը կարող է լրջորեն վնասվել, ընդհուպ մինչև կուրություն:
Կարող է ուղեկցվել՝
սուր կամ այրոցանման ցավով,
կարմրած, գրգռված կամ ջրակալված աչքերով,
լույսի կամ պայծառ լույսի նկատմամբ գերզգայունությամբ,
թարթելիս աչքում քերծվածքի զգացողությամբ,
արյունահոսությամբ
կոպը բացելու անհնարինությամբ
այտուցով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն