09/11/2023 18:39
Պիտի կանխենք արցախցիների արտագաղթը, եթե ոչ, ևս մեկ պարտություն կունենանք․ Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)
Մեր ինքնությունը հո անձնագրով չէ, մեր ինքնությունը դրոշմված է Հայկով, Նոյով, Լուսավորչով, սրբազան հերոսներով, որոնց հոգևոր ձեռքը մենք միշտ պետք է ամուր բռնենք և մեր սրտում զգանք այդ ջերմությունը։ Մենք տարբեր անձնագրեր ենք ունեցել, դրանք կփոխվեն, մեր ինքնությունը՝ ոչ։ Հոգևոր ներուժը, որ ժառանգել ենք, որևէ պատերազմով չեն կարող մեզնից խլել։ Քաղաքականություն կփոխվի, անձնագիր կփոխվի, բայց մենք պետք է ապրենք մեր հայրենիքում, մեր սեփական հողի վրա և վճռականորեն պետք է կարողանանք կատարել այն առաքելությունը, որ ուխտել ենք Աստծո հետ,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Անշուշտ, հատկապես այս օրերին Արցախում, Ստեփանակերտում կատարվողը՝ այդ թվում զորահանդեսները, կարող են հուսահատության հասցնել մարդկանց, կասկածներ հարուցել վերադարձի հնարավորության հարցում, բայց պետք է գիտակցել, որ դրանք երկրորդական հարցեր են, կարևորը՝ մենք նորից մեզ ճանաչենք, պատրաստակամ լինենք միաբանվելու։ Ազգը քանի՞ անգամ պետք է ցեղասպանվի, որ մտածի պաշտպանվելու մասին, քանի՞ պատերազմով պիտի անցնի, որ մտածի ապաստարաններ կառուցելու մասին։ Մենք նախ մեր սխալները պիտի ընդունենք, ապա պարարտ միջավայր ստեղծենք՝ վերադարձի սերմերը գցելու։ Մենք այսօրվանից պիտի սկսենք մտածել այդ մասին, դեռ ուշացրել ենք, վերջին մարդը, որ Հակարիով անցել է, պետք է այդ պահից մտածեր Արցախ վերադառնալու մասին։ Անցնել սովորական կյանքի, մտածել միայն սեփական բարօրության մասին, սխալ է»։
Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի գնահատմամբ՝ մայր Հայաստանում ամեն ինչ պիտի անեն, որ արցախցիները հիմնավոր, համախբմված ապրեն, չմտածեն արտագաղթելու մասին։ «ժողովուրդը զգայուն է, եթե տեսնի, որ իր մասին մտածում են, ջանքեր գործադրում, հեռանալու մասին չի էլ մտածի, ճիշտ հակառակը՝ կլծվի մայր հայրենիքին նվիրական առաքելությամբ ծառայելու գործին։ Քաղաքականություն մշակողների, բոլորիս նպատակը պետք է լինի կանխել արցախցիների արտագաղթը, դա կրկնակի պարտություն կլինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում