09/11/2023 17:43
Նիկոլ Փաշինյանի մեղքով է, որ Իլհամ Ալիևը հայտնվել է Ստեփանակերտի հրապարակում․ Էդգար Ղազարյան
Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը։
Ղազարյանը շեշտեց՝ 2018-ին խաբեությամբ իշխանության տեր դարձած Նիկոլ Փաշինյանը իր իշխանավարման ամեն օրն է կեղծիքով ու ստով անցկացրել, մոլորեցրել ժողովրդին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ու ավարտին էլ նույնն է արել։
«3 տարի առաջ այս օրը, մինչև օրվա վերջին պահը Նիկոլ Փաշինյանը դեռ խաբում էր մեր ժողովրդին։ 3 տարի առաջ այս օրը, դեռ ավելի ուշ ժամի, Ֆեյսբուքում գրառում էր արել՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Ավելի ուշ արդեն, այս տարի, մամուլի ասուլիսում ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին տեքստը ստորագրել եմ այդ օրվա առավոտյան, ուղղակի մյուս կողմերն այդ տեքստը չէին ստորագրում, և ժամ առ ժամ իրավիճակը ավելի վատ էր դառնում, ստորագրվել է ավելի ուշ։ Այսինքն, ինքը նոյեմբերի 9-ի առավոտյան արդեն ստորագրել է հայտարարության տեքստ, բայց երեկոյան ասում է․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»՝ այն դեպքում, երբ հետագայում պարզվեց, որ Շուշիի նկատմամբ հայկական զինված ուժերը վերահսկողությունն ամբողջությամբ կորցրել էին նոյեմբերի 6–ի դրությամբ»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանը նշեց նաև՝ հայ ժողովրդի այսօրվա ողբերգական ճակատագրի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ իր պրիմիտիվ մտածողությամբմ ու մակերեսային դատողություններով կործանման է տանում երկիրը․
«Սրա մեղքով մեր հայրենիքի ամենալուսավոր հատվածը հանձնված է թշնամուն՝ պղծելու։ Այս պահին պղծվում են արցախցիների գերեզմանները, պղծվում են մեր վանքերը, հազարամյա տաճարները, որտեղ աղոթք է հնչել հազարավոր տարիներ, և միայն սրա մեղքով է, որ Իլհամ Ալիևը հայտնվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»։
Այս կործանարար ընթացքը կանգնեցնել է պետք, խոսքը շարունակեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով՝ առանց սպասելու կամ ապավինելու այս կամ այն քաղաքական ուժին, ժողովուրդը պետք է կանգնեցնի երկրի վերջնական գահավիժումը։
«Պետք է կանգնենք ու կանգնեցնենք այս աղետաբեր ընթացքը»,- ասաց Էդգար Ղազարյանը։