09/11/2023 09:47
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը նոյեմբերի 9-ի դեպքերի գործով անցնողների մեծ մասի վերաբերյալ գործը կկարճի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ գիշերը, Երևանում զանգվածային անկարգությունների քրեական գործով անցնող 10-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կային, որոնք մինչ օրս շարունակվում են:
Եվ, ահա, այս դեպքերից 3 տարի անց միայն նախաքննական մարմինը դադարեցրեց տարբեր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։
Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է, և նախաքննական մարմինը նրանց մեծ մասի վերաբերյալ գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում»»։