09/11/2023 15:22
Մեղադրյալներին ընդհուպ ցմահ ազատազրկման պատիժ է նախատեսված. Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հանրային մեղադրող
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով քրեական վարույթով հանրային մեղադրող Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ մեղադրյալներից ինչպես Վրույր Բարսեղյանին, այնպես էլ Արկադի Բարսեղյանին ընդհուպ ցմահ ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված։
«Հանցանքներից մի քանիսը կոնկրետ Վրույր Բարսեղյանի դեպքում առանձնապես ծանր են և մի քանի դրվագով ընդհուպ ցմահ ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված։ Մեղսագրված է Վրույր Բարսեղյանին նաև միջին ծանրության հանացանքի կատարում, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալը։
Ըստ նրա՝ Արկադի Բարսեղյանը մեղադրվում է բացառապես ծանր հանցանքի կատարման համար, որից մի մասի դեպքում քրեական օրենսդրությունը պատիժ է նախատեսում 8-15 տարի ժամկետով, իսկ մի մասի դեպքում՝ 14-20 տարի, ընդհուպ ցմահ ազատազրկում։
«Հանրային վտանգավորության աստիճանն անմրցելի է», - ասաց հանրային մեղադրողը՝ հավելելով նաև հետհանցավոր վաքագիծը՝ ամեն ինչ անել՝ թաքացնելու հետքերը։ Նա ասաց, որ քրեական վարույթում մոտ 30 վկաներ են ընդգրկված։
Միջնորդեց երկուսի խափանման միջոց կալանքը երկարացվի մինչև 3 ամիս։
Տուժող Սևակ Մելքիսեթյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը նշեց, որ համակարծիք է հանրային մեղադրողի հետ՝ նշելով, որ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել 4 առանձնապես ծանր հանցագործությունների համար, Վրույր Բարսեղյանին՝ 5 առանձնապես ծանր հանցագործությունների համար։