09/11/2023 14:20
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեյանն առարկեց` գործը քննվի Շիրակի դատարանում. Lուսանկարներ
Մեկնարկել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալի աթոռին երկու անձ է՝ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Վրույր Բարսեյանից հետաքրքրվեց` արդյո՞ք տիրապետում է հայերն բանավոր և գրավոր խոսքին։ «Ո՛չ, գրավոր լեզվին չեմ տիրապետում․ 6-ամյա կրթություն ունեմ», - ասաց նա։
Վրույր Բարսեյանն ասաց, որ ամուսնացած է, իր խնամքին ունի․ 3 երեխա՝ 4, 6 և 1 տարեկան, մայրը և կինը։ Մեղադրյալն ասաց, որ նախկինում դատապարված չի եղել։ Թե ինչո՞վ է զբաղվել՝ նշեց, որ գյուղի մեջ ինչ գործ, որ ասել են՝ արել է։
Հարցին, թե դատարանի կողմից ուղարկված իր իրավունքների մասին հուշաթերթիկը և որոշումը վարույթ ընդունելու մասին ստացե՞լ է, պատասխանեց՝ այո՛, բայց չի կարդացել։ «Հայերեն տառերին լավ չեմ տիրապետում», - ասաց նա։
Մեղադրյալներից Արկադի Միսակի Բարսեյանը ներկայանալով՝ նշեց, որ ամուսնացած է՝ խնամքին մի տղա ունի՝ 5 տարեկան, հայրը, մայրը և եղբայրը։ Ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել։ Թե ինչով է զբաղվել՝ հայտնեց, որ արտագնա աշխատանքի է գնացել՝ Ռուսաստան։
Դատարանում ներկայացան ինչպես մեղադրյալների, այնպես էլ տուժողի շահերը պաշտպանող կողմերը, ինչպես նաև հանրային մեղադրողը։
Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանն ընդգծեց, որ ցանկանում են՝ գործի վարույթի քննությունն իրականացվի Երևան քաղաքում և ոչ թե Շիրակի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում։
Մեղադարյալներից Արկադի Բարսեյանի համար, սակայն, տարբերություն չկար. «Միայն գործն արդար քննվի»։
Դատարանը որոշեց քրեական վարույթը թողնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։
Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վրույր Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։