09/11/2023 13:34
Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար «քավորության» հարց չկա։
«Մենք չենք կարծում, թե այստեղ «քավորության» հարց կա, մենք կարծում ենք, որ բոլոր միջազգային գործընկերները, ովքեր իրապես շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ, կարող են աջակցել գործընթացին», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե «ո՞ւմ քավորությամբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը»։
Կոստանյանն ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հստակ որևէ պայմանավորվածություն չկա։
«Մենք շարունակում ենք աշխատանքները, ամեն դեպքում, միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», - ասաց նա։
ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ մշտական կապի մեջ են գործընկերների հետ, սակայն դեռ վաղ է խոսել առաջիկա քննարկումների մակարդակի, վայրի և միջնորդների մասին։