09/11/2023 17:53
Ցերեկներն աշխատում ենք, երեկոյան մտածում Արցախ վերադառնալու մասին. Իրինա Թամրազյան
«Արցախցու ձեռքով» տոնավաճառ-ցուցահանդեսին հանդիպեցի Հադրութի մանկապատանեկական ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանին, կնոջը վերջին անգամ մեկ տարի առաջ Ստեփանակերտում էի հանդիպել «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում՝ Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսին, մտածում էի՝ գուցե տիկին Իրինան չհիշի ինձ, բայց երբ մոտեցա, ինձ տեսնելուն պես ասաց՝ ինչ լավ է, որ Աբաջյանի գրքից երկու օրինակ կարողացա ինձ հետ վերցնել, երկու օրինակ մնաց Արցախում։
Մի ամբողջ կյանք են թողել Արցախում, Երևան են բերել շրջափակման օրերին գործած գորգերից մի քանիսը։
«Երբ սկսում էինք գորգ գործել, մտածում էինք՝ մինչև գորգը գործենք վերջացնենք, ճանապարհը կբացվի, այդպես մի քանի գորգ ավարտին հասցրինք, բայց ճանապարհը այդպես էլ չբացվեց, ինձ համար հիմա էլ ճանապարհը փակ է։ Սփոփում է միտքը, որ եթե Հադրութից ոչինչ հնարավոր չեղավ փրկել, գոնե Ստեփանակերտից աշակերտների աշխատանքներից մի քանի նմուշ փրկել հաջողվեց»։
Հավաքչական աշխատանքներ, ազգային նախշերի պահպանում, խաչքարերի ուսումնասիրություն. տիկին Իրինան ասում է՝ հիմա ամենակարևորը սերունդներին Արցախը ճանաչելի դարձնելն է, Արցախի մասին գիտելիքները, հիշողությունները ինստիտուցիոնալիզացնելը։
Առաջիկայում Նկարիչների միությունում սպասվում է Հադրութի դռների ու դարպասների թեմատիկայով նկարների ցուցահանդես, հիմա նկարները Բելգիայում են, տիկին Իրինան ասում է՝ ցերեկներն աշխատում ենք, երեկոյան ժամերին մտածում Արցախ վերադառնալու մասին։ Վերադարձին հավատում են, ասում է՝ եթե լինեն նվիրված, կամային ղեկավարներ, վերադառնալ կհաջողվի։