09/11/2023 12:12
ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվել է
ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմ, արևածաղկիի ձեթ արտահանման նկատմամբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։
ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 29-ի որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունն ավարտվում էր 2024 թ. հունվարի 2-ին։ Այս որոշմամբ արգելքը կգործի մինչև 2024 թ. հուլիսի 2-ը։