09/11/2023 13:50
Ներմուծվող տավարի մսի, խոզի մսի եւ թռչնմսի նկատմամբ կառավարությունը սակագնային քվոտա կիրառեց
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հաստատեց ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:
Անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։
Սահմանվել են հետեւյալ քվոտաները՝
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցված, թարմ կամ պաղեցրած – տարեկան 9 հազար տոննա,
Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 12 հազար տոննա
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 39,1 հազար տոննա
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած-1,2 հազար տոննա: