09/11/2023 12:53
Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը կառուցելու համար ՀՀ-ն 60 մլն եվրո վարկ կվերցնի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը (մոտ 1.8 կմ-ով), քաղաքային խցանումները, ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ (Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ):
Այս վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: