10/11/2023 19:19
Վինիրների տեղադրման ցուցումներն ու հակացուցումները. Զրույց բժիշկ-ստամատոլոգ Սիրուն Օհանյանի հետ
Էսթետիկ ստամատոլոգիայի վերջին շրջանի թրենդերից է վինիրների տեղադրումը՝ ինչպես էսթետիկ, այնպես էլ ատամների կառուցվածքը շտկելու նպատակով։
Aysor.am-ը վինիրների տեսակների, տեղադրման առանձնահատկությունների և առավելությունների մասին զրուցել է բժիշկ-ստամատոլոգ Սիրուն Օհանյանի հետ։
«Վինիրները բարակ կերամիկական երեսպատիչներ են,որոնք ամրանում են ատամի մակերեսին և թույլ են տալիս փոխել ատամի ձևը և գույնը:Ներկայումս վինիրներն ունեն բավականին մեծ կիրառություն,ինչը պայմանավորված է նրանց շատ բարձր էսթետիկությամբ և երկարկեցությամբ»,-ասաց բժիշկը:
Վինիրների կիրառման ցուցումներն են`
էմալի գունափոխությունները,
ոչ ուղիղ կծվածք,
միջատամնային տարածությունների առկայություն(դիաստեմաներ և տրեմաներ),
ֆրոնտալ ատամների մեծաքանակ կարիոզ խոռոչներ։
Բժիշկ-ստամատոլոգը նշեց նաև, որ առանձնացվում են վինիրների կոմոպոզիտային և կերամիկական տեսակներ, որոնք ունեն որոշակի տարբերություն.
Կոմպոզիտային վինիրները պատրաստվում են կլինիկայում՝ բարձրորակ պլոմբանյութերից:
Կերամիկական վինիները պատրաստվում են ատամնատեխնիկական լաբորատորիայում, հատուկ կերամիկական զանգնվածներից:
Կոմպոզիտային վինիրների առավելություններն են`
կարող են պատրաստվել 1 բուժայցի ժամանակ,
ունեն գնային ցածր արժեք,
Թերություններն են`
կայուն չեն գունակների նկատմամբ,
պատճառ կարող են հանդիսանալ երկրորդային կարիեսի առաջացման,
ոչ բարձր էսթետիկությունը,
կարող են ծառայել մինչև 5 տարի:
Կերամիկական վինիրների առավելություններն են`
բարձր էսթետիկությունը,
կայուն են գունակի հանդեպ,
կարող են երկար ծառայել՝ 10 տարի և ավելի,
կանխարգելում են երկրորդային կարիեսի առաջացումը,
Թերություններն են`
գնային բարձր արժեքը,
բուժայցերի մեծ քանակը։
Վինիրների պատրաստման հակացուցումներն են`
էմալի մեծ ախտահարումները,
կծվածքի լավ արտահայտված շեղումները,
շատ գունափոխված ատամները (քանի որ վինիրները բարակ թիթեղներ են,կարող է թափանցել գունափոխված էմալը),
բերանի խոռոչի անբավարար հիգիենան:
Մեզ հետ զրույցում Սիրուն Օհանյանը կարևորեց վինիրների տեղադրումից հետո ատամների հատուկ խնամքն ու գրագետ մոտեցումը.
«Վինիրների տեղադրումից հետո հարկավոր է ճիշտ խնամք, որն իրենից ներկայացնում է`
ճիշտ ատամնախոզանակի և ատամնամածուկի ընտրություն, ատամնաթելի օգտագործում,
իրիգատորի օգտագործում, բերանային ողողիչների օգտագործում»,-ասաց նա։
Վինիրների միջին շուկայական արժեքը 100.000 դրամ է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն