10/11/2023 11:37
Ադամ Շիֆը նոր օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն օրինագիծ է ներկայացրել, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումների ժամանակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում «Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության մասին գլոբալ ակտի» համաձայն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար:
Օրինագիծը նաև կրկնում է Կոնգրեսի կոչերը՝ կիրառել 907-րդ բանաձևի սահմանափակումները և Ադրբեջանին չտրամադրել ԱՄՆ-ի կողմից ռազմական և անվտանգության աջակցություն:
«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ժամանակ կատարված ծանր վայրագությունների մեջ, իսկ հայերի շարունակական անօրինական կալանավորումը բարդացնում է խնդիրը: Այս բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, ներառյալ՝ խոշտանգումները և սպանությունները, սրտաճմլիկ է և ուղղակի սպառնալիք է միջազգային իրավունքի և կարգի համար։ Իմ բանաձևը հորդորում է ամերիկյան կառավարությանը և միջազգային հանրությանը դեմ դուրս գալ Ալիևի ռեժիմի կողմից հայ համայնքի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և վերադարձնել այս բանտարկյալներին իրենց ընտանիքներին», - Շիֆի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից որպես քաղբանտարկյալ պահվող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների, մասնավորապես՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին զորահրամանատարներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի անօրինական կալանավորումը։
Ներկայիս բանաձևում հնչեցված կոչերն արտացոլում են Կոնգրես ներկայացված այլ երկկուսակցական օրինագծեր և Բայդենի վարչակազմին ուղարկված բազմաթիվ նամակներ։