10/11/2023 19:32
«Իշխանությունը երկիրը տանում է այն վեկտորներով, որը ձեռք է տալիս ժողովրդին»․ ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին դուր չի գալիս, որ Ռուսաստանը հարավկովկասյան տարածաշրջանն իր ազդեցության գոտին է համարում։ News.am-ի հետ զրույցում Ասլանյանը նշել է․
«Ռուսաստանն ամեն գնով փորձում է այստեղից դուրս մղել եվրոպական հանրությանը, Եվրոպային, ԱՄՆ-ին՝ համարելով, որ սա իր ազդեցության գոտին է, ինքը այստեղ իրավունք ունի որոշումներ կայացնելու: Նա մոռանում է, որ Հայաստանն ունի իր պետականությունը:
Սա շատ լուջ է։ ՌԴ-ն Արևմուտքին փորձում է դուրս մղել Ուկրաինայից, Մոլդովայից, փորձեց դուրս մղել Վրաստանից, հիմա՝ Հայաստանից: Սա դեռ ցարական Ռուսաստանից եկած հոգեբանությունն է, որ այստեղ Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, ուրիշներն իրավունքներ չունեն: Այսինքն, նա հաշվի չի առնում այդ տարածքներում ապրող ժողովուրդների, պետությունների ցանկությունները»:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է նաև, որ Հայաստանի գործող իշխանությունը այնպիսի քաղաքական կուրս է ընտրել, որը «ձեռք է տալիս ժողովրդին», ուստի Ռուսաստանն, ըստ նրա, չպետք է միջամտի։
«Ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանն ասել, թե մենք ինչ ձևով ապրենք: Մեր ժողովուրդն ընտրել է լեգիտիմ իշխանություն, որը երկիրը տանում է այն վեկտորներով, որը ձեռք է տալիս ժողովրդին: Ժողովուրդը դեմ չէ այդ քաղաքականությանը: Ռուսաստանի ի՞նչ գործն է, թե մենք ում հետ ենք ուզում բարեկամություն անել»,- ասել է ՔՊ-ականը: