10/11/2023 18:57
Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից վնասը, ըստ նախնական հաշվարկների, 3 միլիարդ դոլարի է հասնում
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար, հայտնել է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ըստ նախնական գնահատականի՝ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 2 մլրդ դոլար, ենթակառուցվածքներին հասցված վնասը՝ մոտ 1 մլրդ դոլար»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելը ավելի քան 13 հազար ռումբ է նետել Գազայի տարածք։
«Գազայի հատվածում ագրեսիայի սկզբից ի վեր օկուպանտը օգտագործել է մոտ 32 հազար տոննա պայթուցիկ և ավելի քան 13 հազար ռումբ, այսինքն՝ միջինը 87 տոննա՝ մեկ կիլոմետրում»,- նշված է հաղորդագրությունում։
Պաղեստինի կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ ռմբակոծություններից վնասվել է բնակելի միավորների կեսից ավելին, ամբողջությամբ ավերվել է 40 000 շենք-շինություն։