10/11/2023 19:45
Ուզբեկստանն ու Իտալիան ռազմավարական երկխոսություն են սկսում
Պաշտոնական այցով Ուզբեկստանում է գտնվում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Նրա հետ երկկողմ հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վստահեցրել է՝ Ուզբեկստանը պատրաստ է ընդլայնել Իտալիայի հետ «ռազմավարական գործընկերությունը»։ Այդ մասին հայտնում է Ուիզբեկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզիյոևն ու Մատարելլան «ռազմավարական գործընկերության» և բազմակողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել և այդ շրջանակում ընդգծել առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնանալ։
«Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլա պայմանավորվածություն են ձեռք բերել 2024 թվականին անցկացնել ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ Իտալիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուզբեկստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունմանը։