10/11/2023 18:31
Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությունն անվանել «Արևմտյան Ադրբեջան»․ Նիկոլ Փաշինյան
Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եկել է Փարիզ՝ խոսելու խաղաղության մասին։
«Ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։
«Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված սկզբունքների վրա»,- ասել է Փաշինյանը։