10/11/2023 18:44
Եթե Ադրբեջանը չմերժի երեք սկզբունքները, առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում․ Փաշինյան
Չնայած այն հանգամանքին, որ լուրջ հարցեր են առաջանում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մոտ են «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Այդ մասին Փաշինյանն ասել է Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» ժամանակ իր ելույթում։
«Դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա թվարկել իր նշած սկզբունքները․
«Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»:
Փաշինյանը նշել է, որ այս սկզբունքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում ։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։
Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։