10/11/2023 17:45
«Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է»․ Հրանտ Բագրատյան
Իշխանության նկատմամբ «բռնության կոչեր» հնչեցնելու համար մեղադրվող Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «բռնության կոչի» այս հոդվածն իշխանությունն օգտագործում է ընդդիմության դեմ, օրենքն իրականում իրենց չի վերաբերում։ ՔՊ-ականները, անձամբ Նիկոլ Փաշինյանը սպառնում են «ականջ, լեզու կտրել», «պառկեցնել ասֆալտին» և այլն, սակայն դա իրավական տեսանկյունից չի որակվում բռնության կոչ, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պարզապես որպես հաշվեհարդար է ծառայեցվում՝ ընդդիմադիրների նկատմամբ։
«Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է։ Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան»,- այս առնչությամբ ասաց Հրանտ Բագրատյանը։
Քաղաքական գործիչը մանրամասնեց՝ ապրիլին ինքը, զգուշացնելով Արցախի հնարավոր կորստյան մասին, բարձրաձայնել էր՝ վերացրեք այս իշխանությանը՝ նկատի ունենալով, որ գործող իշխանությանը պետք է հեռացնել, այլապես հայրենիք կկորցնենք։
«Վերացնել բառը բռնություն չէ, օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով։ Եվ ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ 6 ամիս հետո կորցրինք Արցախը։ Լավ եմ արել՝ ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք էր կորում։ Հայրենիք կորավ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստն էր՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։
Դատարանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը։