10/11/2023 12:33
Կեղծ զեղչերի և այլ ակցիաների համար ՏՄՊՊՀ-ն 100 մլն դրամի տուգանք է կիրառել․ «Սև ուրբաթ»-ին ընդառաջ հայտարարվեց՝ ոլորտը էականորեն բարելավվել է
Փորձով է ապացուցված, որ ՀՀ-ում ակցիանների և զեղչերի ոլորտում խնդիրները բազում են․ «Սև ուրբաթ»-ին ընդառաջ հրավիրված ասուլիսին հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
«Մասնավորապես, գինը չէր համապատասխանում։ Այսինքն՝ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում, շատ դեպքերում արհեստականորեն էին գինը բարձրացնում, հետո զեղչ հայտարարում, կային նաև իրազեկման տեսանկյունից որոշակի մոլորեցման դրսևումներ։ Զեղչը կարճաժամկետ միջոցառում է, բայց դեպքեր կային, որ տևում էր տարիներ։
Այլ տեսակի ակցիաներ․ ապրանքի վաճառքը խթանելու նպատակով առաջարկվում էին որոշակի փաթեթային նվերներ, պարզվում էր՝ նվերի գինը ներառված էր», - թվարկեց նա։
Տիգրան Մարկոսյանը նշեց, որ այս խնդիրները հավաքագրվում էին մրցակցության պաշտպանություն կոմիտեիում, և նախաձեռնվեցին օրենսդրական մակարդակով կարգավորումներ։ Ըստ նրա՝ հաշվի առնելով նաև եվրոպական փորձը՝ 2022թ․-ին արդեն ընդունվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2022թ․-ի հուլիսի 31-ից։
Ըստ հանձնաժողովի անդամի, եթե օրենքի կարգավորումների պահանջները խախտվում են, տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության, որը որոշ դեպքերում մեծ գումարներ կարող է լինել։
«Հանուն արդարության պետք է նշել, որ ոլորտը էականորեն բարելավվել է։ Նվազագույն պահանջները հիմնականում համապատասխանում են»,-ասաց նա։
Ըստ Մարկոսյանի՝ նախորդ տարի «Սև ուրբաթ»-ին ընդառաջ մշտադիտարկման ակտիվ գործունեություն են իրականացրել։ Ավելի քան 80 ակցիաներ են իրականացրել, 35 տնտեսվարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել։
«100 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հանձնաժողովը», - ասաց նա՝ նշելով, որ լիահույս են՝ այն տնտեսվարողները, որոնք գոնե մեկ անգամ շփվել են հանձնաժողովի հետ, հետագայում կբացառեն խախտումները, քանի որ կրկնվելու դեպքում հաջորդ քայլն ավելի ծանր է լինելու, իրենք ունենալու են կրկնակիության դեպք։