10/11/2023 17:02
«Մեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք»․ Մանրամասներ՝ Գեղարքունիքում 4 անձի մահվան ելքով ավտովթարից
Քննչական կոմիտեից տեղեկացնում են․
«Պարզվել են 2022թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները:
2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի և «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր և «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է, մշտապես հերքել է իր կողմից հիշյալ ավտոմեքենան վարելու հանգամանքը և ցուցմունքներով պնդել, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է իր հետ բժշկական կենտրոն տեղափոխված անձը:
Սակայն, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարույթային գործողությունների, քննչական արդյունավետ տակտիկայի կիրառման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ելակետային հստակ տվյալներով և նպատակային հարցադրումներով նշանակված դատաավտոտեխնիկական, դատաբժշկական և դատահետքաբանական համալիր փորձաքննության ստացված եզրակացության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, չունենալով համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով՝ Սևան քաղաքից դեպի Մարտունի քաղաքի ուղղությամբ: Հասնելով նշված ավտոճանապարհի 58-րդ կիլոմետր հատված` Լիճք բնակավայրի վարչական տարածք, վերջինս, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոների 65 և 2 կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է թույլատրելի 90 կմ/ժ-ը գերազանցող՝ 160 կմ/ժ, այնուհետև՝ 200 կմ/ժ արագությամբ և դուրս բերել այն հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս՝ իրականացնելով ձախակողմյան երթևեկություն:
Արդյունքում, ստեղծել է վթարային իրադրություն, որի հետևանքով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասում ընդհարվել է Մարտունի քաղաքից դեպի Սևան քաղաքի ուղղությամբ ընթացող «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, երկու ուղևորին, ինչպես նաև «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին պատճառվել է մահ, իսկ «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»: