10/11/2023 14:34
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը
Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
«Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։
Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի Լճաշենի հնահասարակության կենցաղի, արհեստների, հոգևոր պատկերացումների, տեխնոլոգիական ձեռքբերումների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն:
Նշենք, որ Լճաշենի հնավայրը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են 1866 թվականից և շարունակվում են մինչ մեր օրերը։
Բազմաշերտ հուշարձանն աչքի է ընկնում իր միջնաբերդերով առանձնացված հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցով, հիմնականում բրոնզեդարյան դամբանադաշտում: Հուշարձանն ուշադրություն է գրավում այստեղ հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր), դրանց ուղեկցությամբ` առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:
Նշենք, որ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ պատրաստվել է ֆիլմ, իսկ առաջիկայում կհրատարակվի գիտական պատկերագիրք։
Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակային է նաև Հայաստանի պատմության թանգարանում օրերս անցկացված «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում: Գիտաժողովին մասնակից շուրջ երեսուն հայ և օտարազգի հետազոտողներ իրենց զեկույցներում հիմնականում անդրադարձել են մեզ հասած բրոնզեդարյան ուշագրավ ժառանգությանը։
Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։