11/11/2023 17:10
Միացյալ նահանգները նպաստում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ընդլայնվի․ Իրանի նախագահ
Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի, օգնություն հասցնելու համար ճանապարհները պետք է բացվեն, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։
«Այս օրերին իսլամական երկրների միասնությունը շատ կարևոր է։ Գազան խոսելու տարածք չէ, այն գործելու տարածք պետք է դառնա։ Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի (Իսրայելի-խմբ․) բարբարոսական գործողությունները ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են, սա շատ կարևոր հարց է իսլամական աշխարհի համար։ Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի, օգնություն հասցնելու համար ճանապարհները պետք է բացվեն»,- ասել է Իրանի նախագահը։
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ երկակի քաղաքականություն վարելու և Իսրայելին քողարկված աջակցություն ցուցաբերելու համար։
«Ամերիկան անընդհատ մեսիջներ է ուղարկում Իրանին և մի շարք այլ երկրների, որ պատերազմի մասշտաբները չպետք է ընդլայնվեն, բայց նրանց այդ ուղերձը չի համապատասխանում իրենց իսկ գործողություններին։ ԱՄՆ-ն խոչընդոտում է հրադադարի հաստատմանը Գազայում և ինքն է ընդլայնում պատերազմի մասշտաբները»,- ասել է Էբրահիմ Ռայիսին։