13/11/2023 19:35
Վերին Լարսի անցակետի թողունակությունը կկրճատվի, բայց անցակետը չի փակվի․ Մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետի տարածքում նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ, արդյունքում կկրճատվի Վերին Լարսի անցակետի թողունակությունը, News.am-ին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը
«Աշխատանքները կիրականացվեն առանձին երթուղիների վրա, իսկ մյուսները կշարունակեն աշխատել բնականոն հունով, և երթևեկությունը կուղղվի դեպի այդ գործող գոտիներ։
Հետո, երբ մի հատվածի ճանապարհային աշխատանքներն ավարտվեն ու այդ հատվածը բացվի, մյուս հատվածներում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Այսպիսով, անցակետի թողունակությունը կկրճատվի, բայց անցակետը չի փակվի ։
Մարդատար և բեռնատար մեքենաները սպասարկվում են տարբեր գոտիներով. Ռուսաստան մուտք գործելիս 12 գիծ նախատեսված է մարդատար ավտոմեքենաների համար, ևս 7-ը՝ բեռնատարների համար»,- նշել է Հակոբյանը։
Նա պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ, միշտ առավելություն է տրվում այն բեռնատարներին, որոնք արագ փչացող ապրանքներ են տեղափոխում, և այդ առավելությունն արդեն տրվում է վրացական կողմից, նման տրանսպորտային միջոցների անցումն ավելի վաղ է թույլատրվում։
Վահան Հակոբյանը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետում որոշակի կուտակումներ կան այն պատճառով, որ մի քանի օր առաջ ռուսական կողմում երկու ռենտգեն սարք է խափանվել։
«Սարքերից մեկն արդեն վերանորոգված է, իսկ մյուսը վերանորոգման փուլում է։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքների արդյունքում առաջացած կուտակումներին, ապա դեռ վաղ է խոսել, թե արդյոք կուտակումներ կլինեն և, եթե այո, ապա՝ ինչ մասշտաբների: Այդ մասին հնարավոր կլինի դատել մի քանի օրից»,- ասել է մաքսային կցորդը։
Նա հայտնել է, որ մոտ 500 բեռնատարներ դուրս են եկել Հայաստանի տարածքից և դեռ գրանցում չեն անցել Ռուսաստանում։
«Այսինքն՝ այդ մեքենաների մի մասը ճանապարհին է և դեռ չի հասել «Վերին Լարս» անցակետ, իսկ մյուս մասը ռուսական անցակետում՝ գրանցման փուլում է։ Կախված գրանցման արագությունից՝ թիվը կարող է փոխվել»,- հավելել է Հակոբյանը։