13/11/2023 17:33
Թուրքիան ցանկանում է մեկ տարով երկարաձգել իր զինվորականների ներկայությունը Ակնայում ձևավորված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում
Օկուպացված Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության մասին օրինագիծ է այս շաբաթ ներկայացվելու Թուրքիայի մեջլիսին՝ քննարկման և ընդունման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեջլիսի կողմից օրինագիծն ընդունելուց հետո այն կներկայացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ստորագրելու համար։
Օրինագիծն ընդունվելու պարագայում կստացվի, որ Թուրքիան «լեգիտիմ» իրավունք է ստանում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իր ԶՈՒ ներկայացուցիչների ներկայությունը պահպանելու համար։
Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարին։
Պաշտոնական հաղորդագրությամբ մոնիտորինգի կենտրոնի նպատակ էր ձևակերպվել ու հռչակվել «ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը հետևելը»։