13/11/2023 21:22
Թուրքիա՞, թե՞ Արևմուտք․ Ռուսական դիվանագիտության պարադոքսը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը հայտարարել է, որ Եվրամիությունն ամեն կերպ փորձում է դուրս մղել Ռուսաստանի Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից։ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվելու։ Մենք պատմականորեն այստեղ ենք և ոչ մի թեղ չենք անհետանալու։ Եվ մեր գործընկերներն ու դաշնակիցները դա հիանալի գիտեն», – մասնավորապես ասել է Լավրովը։
Այն, որ Արևմուտքն իսկապես ամեն ինչ անում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար, այլևս անհերքելի փաստ է։ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվ փուլը Հարավային Կովկասում վերսկսել է գրեթե 10 տարի առաջ՝ 2014-ին։ Հայաստանում և Արցախում մենք դա հրաշալի տեսել և զգացել ենք Ադրբեջանի հետ սահմանում տեղի ունեցող զարգացումներով։ Ռուս-ամերիկյան համագործակցության դադարեցմանը զուգահեռ հայկական երկու պետությունների և Ադրբեջանի միջև սկսվեցին նախ, այսպես կոչված, դիվերսիոն, հետո դիպուկահարային, իսկ հետո նաև՝ դրոնների հակամարտությունը, որոնք 2016-ին վերաճեցին լայնամասշտաբ պատերազմի։
Այսօր սկայն աշխարհաքաղաքական այդ մրցակցությունն առավել սուր բնույթ է ստացել և դա, իհարկե, պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության առավել թեժ փուլի մեկնարկով։ Նման իրավիճակում հասկանալի է, որ կողմերը փորձելու են հասնել առավելագույնին։ Իսկ Հարավային Կովկասում Արևմուտքն այսօր ունի այդ խնդիրը լուծելու՝ ավելի քան լավ հնարավորություններ։
Խոսքն ամենևին էլ Հայաստանի պրոարևմտյան իշխանությունների մասին չէ։ Դա իհարկե կարևոր գործոն է Արևմուտքի համար, բայց ոչ վճռորոշ։ Հարավային Կովկասում Արևմուտքին առավելություն տվող ավելի կարևոր հանգամանքն այս տարածաշրջանում հենց Ռուսաստանի վարած քաղաքականությունն է։ Ավելի ճիշտ՝ Մոսկվային թույլ տված սխալները։ Մասնավորապես՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ իրական դաշնակցի՝ Հայաստանի այսչափ թուլացումն ու Արցախի հանձնումը Ադրբեջանին։
Ռուսաստանում նույնպես զգում են իրենց թույլ տված սխալների մասշտաբները։ Մոսկվան էլ, Փաշինյանի պես, փորձում է այդ սխալների պատասխանատվությունը թողնել այլոց ուսերին։ Սակայն դա չի օգնելու Ռուսաստանին իրավիճակ փրկել։ Որքան էլ Լավրովը հայտարարի, որ Եվրամիությունը ձախողելու է Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու իր ծրագրերը, միևնույն է՝ փաստն այն է, որ մինչ այս պահը Բրյուսելին դա հաջողվում է։
2020 թ. 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Կրեմլը Ռուսաստանի մտահոգ հանրությանը փորձում էր հանգստացնել այն հանգամանքով, որ իրենց զորքերը հիմա արդեն նաև Արցախում են։ Սակայն պատերազմից ընդամենը երեք տարի անց ռուս խաղաղապահներն Արցախում այլևս ոչինչ չունեն անելու։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ մոտ ապագայում կհոգա նրանց հեռանալու մասին։ Նույն սպառնալիքները Ռուսաստանի համար առկա են նաև Հայաստանում։ ՀՀ իշխանություններն արդեն բաց են խոսում ռուսական ռազմաբազայի օգտակար լինել-չլինելու մասին։ Սպասելի է, որ Արևմուտքի հովանավորությամբ ընթացող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վաղ թե ուշ հասցվելու է այն կետին, որից հետո Երևանը պարզապես կպահանջի, որպեսզի ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։ Մոսկվան այս զարգացումներին էլ է կողմնակի դիտորդի հայացքով հետևում՝ երևի թե հուսալով, որ ծայրահեղ վատ իրավիճակի պարագայում կկարողանան ուժի միջոցով փրկել դրությունը։ Սակայն փաստը մնում է փաստ՝ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում, Ռուսաստանը վաղուց է կորցրել իր նախկին ազդեցությունը։ Բնականաբար՝ նաև հարգանքը։
Երկրորդ կարևոր սխալը, որ այս պահին գործում է ռուսական դիվանագիտությունը, դա Հարավային Կովկասում Արևմուտքի հետ մրցակցությունում Թուրքիայի և Ադրբեջանի վրա հենվելն է։ Մոսկվայում կարծես չեն էլ ուզում տեսնել, որ նույն Արևմուտքն ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար։ Ընդ որում, դա արվում է նաև հեռու գնացող նպատակներով. Արևմուտքում համոզված են, որ դեպի Կենտրոնական Ասիա ելք ունեցող Թուրքիան հետագայում կարող է օգտակար լինել նաև այն տարածաշրջանում Ռուսաստանի զսպելու և այնտեղից դուրս բերելու համար։ Եվ ահա ստացվում է, որ մի կողմից Մոսկվան թույլ է տալիս, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցի Հարավային Կովկաս, մյուս կողմից հայտարարում, թե Արևմուտքը չի կարողանալու հեռացնել Ռուսաստանն այս տարածաշրջանից։ Պարադոքս։
Քաղաքագետ
Հրանտ Մելիք-Շահնազարյան