13/11/2023 18:51
Սխալ է ասել, որ 3, 4 կամ 5 տարի հետո Ուկրաինան կլինի Եվրամիության կազմում․ Պետք չէ հիասթափեցնել մարդկանց․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կարծում է, որ ԵՄ-ն չպետք է հստակ ժամկետներ նշի կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը կարող է հետագայում հիասթափվել:
«Կարծում եմ՝ սխալ է ասել, որ երկու, երեք, չորս կամ հինգ տարի հետո Ուկրաինան կլինի Եվրամիության կազմում։ Պետք չէ խաղալ ժամկետների հետ։ Դա Մոլդովային էլ է վերաբերում, քանի որ այդպիսով հնարավոր է հիասթափեցնել շատերին»,- ասել է Ասելբորնը՝ ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով նիստի ժամանակ։
«Կարծում եմ՝ ուկրաինացիներն արժանացել են նրան, որ չզրկվեն ԵՄ-ին անդամակցելու այդ հեռանկարից, արժանի են նաև նրան, որ այդպիսի հեռանկարի հնարավորություն են թողնում նրանց համար»,- հավելել է նա։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ԵՄ-ին կարող է միանալ 2030 թվականին, եթե իրագործվեն դրա համար անհրաժեշտ նախապայմանները։ Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ քննադատության էին ենթարկել այս հայտարարությունը՝ Միշելին մեղադրելով անպատասխանատվություն ցուցաբերելու մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ իրադարձությունների դրական զարգացման դեպքում ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ բանակցություններն Ուկրաինայի հետ կարող են սկսվել 2024 թվականից, սակայն դժվար է ասել, թե երբ կավարտվեն այդ բանակցությունները, քանի որ այդ գործընթացը «հիմնված է երկրի արժանիքների վրա»։