13/11/2023 15:48
Տնտեսվարողներից 86,5%-ը հարկերն ազնվորեն վճարում է ոչ թե վախից դրդված, այլ ցանկությունից ելնելով. ՊԵԿ
ՊԵԿ-ը ամփոփվել է «Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները, որն անց է կացվել 532 տնտեսվարողների շրջանում։
Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։
Հարցումներից պարզվել է նաև, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները:
Հատկանշական է, որ ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը և մատուցվող ծառայությունները:
Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռևս բարելավման կարիք ունեն։ Կարևորելով հետազոտության արդյունքները՝ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի են առնվում Պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրերում և հետագա բարեփոխումներում։
Առաջիկայում Համաշխարհային բանկը նմանատիպ հետազոտություն կնախաձեռնի նաև մաքսային ոլորտում: Հարցումներն այստեղ կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում` որպես առանձին թիրախային խումբ դիտարկելով բեռնափոխադրողներին և մաքսային միջնորդներին: