13/11/2023 19:50
Բրիտանացի քաղաքական խորհրդատուին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան
Վրաստանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող քաղաքական խորհրդատու Բեն Մալլեթին մուտք գործել իրենց երկիր։ Նրա այցին սպասում էին վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները։ Այդ մասին հայտնել է վրացական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Լևան Հաբեիշվիլին։
«Մեր քաղաքական խորհրդատուին՝ Բրիտանիայի քաղաքացուն, չեն թողնում հատել սահմանը։ Մենք բացատրություն ենք ակնկալում»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։
Հաբեիշվիլին մանրամասնել է, որ Բեն Մալլեթը մեկ շաբաթ առաջ Վրաստանում էր, նա օգնում է ընդդիմադիրներին՝ քաղաքական արշավներ իրականացնել, խորհրդատվական ծառայություններ է մատուցում, նախկինում էլ աշխատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Դևիդ Քեմերոնի և Բորիս Ջոնսոնի հետ։
Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» ղեկավարի խոսքով՝ բրիտանացին իրենց պետք է օգներ «հաղթանակ տանել պրոռուսական կառավարության» նկատմամբ։
«2024 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով մենք այլ օտարերկրացի խորհրդատուների էլ ենք հրավիրելու»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վրացական ընդդիմության ներկայացուցիչը։