13/11/2023 10:48
Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական զրահատեխնիկան՝ Վրաստանի Փոթի նավահանգստում (Լուսանկարներ)
X սոցիալական ցանցում տարածվել են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։ Դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։
APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը ևս X-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարներով՝ գրելով, որ Հայաստանը ստացել է 21+ ֆրանսիական Bastion APC-ների առաջին խմբաքանակը, դրանք առաքվել են վրացական Փոթի նավահանգստով։
«Ենթադրաբար, դա նաև հաստատում է, որ նախկինում խոսակցություններում նշված 50 VAB MK3-ը նույնպես կարող է լինել գործող պայմանագրերի մաս», - գրել է նա:
Տարածվող լուրերում նշվում է, որ Թբիլիսին երկար տարիներ ճնշումների պատճառով հրաժարվում էր թույլ տալ ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան իր տարածքով։