13/11/2023 16:47
Գնացին ու չեկան. 2 հարազատ եղբայր` պայթյունի հերթական զոհերը
Լուսանկարում Գևորգ և Դավիթ Մանուչարյան եղբայրներն են՝ Արցախի Ասկերան քաղաքից։
Պատերազմից առաջ ընտանիքներ են կազմել, 2-ական երեխաներ ունեին, առանձին բնակարաններ, երջանիկ կյանք ու բազում երազանքներ, գրում է MediaHub-ը։
Երազանքների ու այդ երջանկության մասին հիմա անցյալով ու երանությամբ են խոսում։ Դա տևեց մինչ այն պահը, երբ տեղահանության ընթացքում Արցախում վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։ Եղբայրները ևս այդ տարածքում էին։
Ինչպես բոլորի դեպքում, նրանք ևս իրենց ընտանիքները տարհանելու նպատակով գնացել էին բենզին բերելու։ «Գնացին ու չեկան»,- ասում է նրանց ավագ եղբայրը Կարենը, ով ընկերների ու հարազատների հետ մեկ ամիս շարունակ եղբայրներին փնտրել է վիրավորների մեջ, ապա զոհվածների ցանկում։ Մի քանի օր առաջ դատաբժշկական և գիտագործական փորձաքննությամբ հաստատվեց նրանց ինքնությունը։
«Ցավը ևս պիտի սահման ունենա: Սա մեր ընտանիքի համար մեծ ողբերգություն է։ Ընդհատվեց նրանց կյանքը, եղբայրներս կրակի բաժին դարձան, 4 երեխա որբացավ, ինչի՞ համար, ու՞մ մեղքով»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Կարենը։
Գևորգն ու Դավիթը երազում էին խաղաղ հայրենիք ունենալու մասին, դրա համար մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներին, ընդ որում՝ Դավիթը պաշտպանության բանակում ծառայել է երկար տարիներ։ Անցել են և՛ պատերազմական, և՛ երկրում ստեղծված իննամսյա շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի փորձություններով։ Մտածում էին միայն ապագայի մասին, որ իրավիճակ կփոխվի, կյանքը կլավանա, բայց անսպասելի պայթյունը խեղեց նրանց ու հարյուրավորների ճակատագրերը։
Դավիթի կինը՝ Օքսանան 2020 թվականի պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը՝ Արտաշեսին, հիմա ինքն իրեն հարց է տալիս, թե ո՞ր մեղքերի համար վճարեցին այսքան թանկ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։