13/11/2023 15:23
Նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250մլն դրամի հարկային պարտավորություն
ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Սակայն, նախնական համաձայնությամբ, հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա․ Հ․-ն և Ն․ Ա․-ն ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել են շուրջ 500.000.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ և պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250.000.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննությունը շարունակվում է: