14/11/2023 23:43
Հազվադեպ հանդիպող անատոմիական երևույթ՝ օրգանների հայելային դասավորություն․ Ինչո՞վ է պայմանավորված
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր տասը հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն: Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական երևույթ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus): Բացի սրտի և լյարդի փոխադրումից, հանդիպում են նաև այլ օրգանների փոխադրումներ։ Շատերն ապրում են, նույնիսկ, չիմանալով իրենց օրգանների հայելային դասավորության մասին:
Պաթոլոգիան կարող է հայտնաբերվել հետմահու՝ դիահերձման ժամանակ, կամ հիվանդի մոտ որևէ խնդրի առկայության դեպքում։ Արտաքուստ այն նկատելի չէ, անոմալիայի ախտորոշման համար անհրաժեշտ է գործիքային հետազոտությունների շարք։
Օրգանների փոխադրումը տեղի է ունենում սաղմի ներարգանդային զարգացման առաջին ամսում։ Միանման երկվորյակների զույգերում այս պաթոլոգիան ամենից հաճախն է հանդիպում: Միջին հաշվով, յուրաքանչյուր չորրորդ զույգում երեխաներից մեկը առանձնահատուկ «հայելային» հատկանիշ ունի: Կարծես զույգից մի երեխա արտացոլում է մյուսին։ Ընդ որում, դա կարող է դրսևորվել կամ ձախլիկությամբ, կամ օրգանների ամբողջական փոխադրմամբ:
Մասնագետների պնդմամբ, երևույթը հաճախ պայմանավորված է լինում ժառանգական գործոնով՝ եթե ծնողներից մեկն ունի նման հատկություն, ապա այն կարող է փոխանցվել երեխաներին։
Նույնիսկ եթե բոլոր օրգանները տարբեր դասավորություն ունեն՝ առանց սրտի արատի, այս հատկանիշով մարդիկ ապրում են միանգամայն բնականոն կյանքով։ Բարդություններն առաջանում են լրացուցիչ պաթոլոգիաների առկայության դեպքում։ Բարդությունների դեպքում բժշկական օգնության դիմելը պարտադիր է։
Հայելային դասավորության պաթոլոգիայի մեկ այլ առանձին դեպք է լևոկարդիան։ Նման փոխադրմամբ մարդկանց 5%-ի մոտ բոլոր օրգանները հայելային են, միայն սիրտն է տեղում՝ ձախ կողմում։
Թեև հայտնի են այս ախտորոշմամբ առողջության և երկարակեցության զարմանալի դեպքեր, բայցևայնպես, լևոկարդիան լրջորեն մեծացնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների վտանգը։
Եթե որևէ ակնառու խնդիր չկա, նման անսովոր անատոմիա ունեցող մարդկանց մեծամասնությունը դրա մասին տեղեկանում է միայն բժշկական զննության ժամանակ՝ սովորաբար փոխադրման հետ կապ չունեցող պատճառներով: Օրինակ՝ սրտի բաբախյունը լսելիս կարող է պարզվել, որ այն շատ ավելի լավ է լսվում կրծքավանդակի աջ մասում։ Էլեկտրասրտագրություն, ռենտգեն, ուլտրաձայն և այլ հետազոտության ժամանակ նման եզակի հիվանդների հետազոտման մեթոդները շփոթության մեջ են գցում շատ բժիշկների։
Կարևոր է իմանալ այս յուրահատկության մասին, և նույնքան կարևոր է դրա մասին ժամանակին հայտնել բժիշկներին։
Թեև մարդն ունի համաչափության ուղղահայաց առանցք և զույգ ձեռքեր, ոտքեր, աչքեր և ականջներ, սակայն ներսում համաչափության կանոնը չի պահպանվում։ Կա միայն մեկ սիրտ և գտնվում է ձախ կողմում, մեկ լյարդ, լեղապարկ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ և բոլորը աջ կողմում: Կան երկու երիկամներ, ինչպես նաև թոքեր, բայց աջ թոքում կա հորիզոնական ակոս, իսկ ձախում՝ ոչ։ Օրգանների հայելային դասավորության պարագայում ամեն ինչ հակառակն է ստացվում. արյան անոթները, նյարդային ուղիները, նույնպես, ունենում են ոչ ստանդարտ դասավորվածություն։
Այս հանգամանքը բարդացնում է անգամ թեթև վիրաբուժական միջամտությունները։ Իսկ ընդհանուր փոխադրումը պահանջում է յուրահատուկ տեխնիկա:
Այն հատկապես լուրջ խնդիր է դառնում փոխպատվաստման ժամանակ. ներքին օրգանների նույն դասավորվածությամբ կան շատ քիչ դոնորներ: Քանի որ շատ ներքին օրգաններ սիմետրիկ չեն, դա խնդիրներ է առաջացնում օրգանը հայելային խոռոչում դնելիս։
Չնայած հայելային դասավորվածության բնական լինելուն, որը շատ դեպքերում մարդու նորմալ անատոմիայի տարբերակ է և չի ազդում առողջության վրա, այն հատկապես զգուշություն և մեծ ուշադրություն է պահանջում քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների շրջանում։ Նման հատկանիշով թե՛ ախտորոշումը, և թե՛ թերապիան կարող են մի շարք բարդությունների պատճառ հանդիսանալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ