14/11/2023 19:23
«Ես Բրյուսելում զինամթերքի սեփական պահեստ չունեմ»․ Բորելը՝ Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելու մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Բրյուսելում զինամթերքի սեփական պահեստ չունի։ Այսպես է նա պատասխանել հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք գնահատում մինչև տարեվերջ Ուկրաինաային մեկ միլիոն միավոր զինամթերք տրամադրելու ծրագիրը, որը նախապես համաձայնեցվել էր։
«Ես ոչ սեփական զինամթերք ունեմ Բրյուսելում, ոչ էլ զինամթերքի պահեստ։ Ես պետք է մոբիլիզացնեմ եվրոպական բանակների զինամթերքի պահեստներում եղածը։ Մենք արդեն ավարտել ենք պահեստներում եղած զինամթերքի մատակարարումը, տրամադրել ենք 300 000-ից ավելի զենք-զինամթերք, ինչը վատ ցուցանիշ չէ։ Եղած պաշարից ավելի շատ տրամադրելը բարդ է։ Այժմ պետք է կազմակերպենք մատակարարումը արտադրողներից, իսկ զինարտադրությունը կապված է պայմանագրերի հետ, պայմանագրերն էլ՝ ԵՄ անդամ երկրների կողմից ֆինանսավորման»,- ասել է Բորելը։
Նա հավելել է, որ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունն իր արտադրանքի մոտ 40%-ն արտահանում է երրորդ երկրներ, «հավանաբար, զենքի արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն ավելի շատ հետաքրքրված են այլ երկրների շուկաներով», ուստի, ըստ Բորելի, պետք է երկխոսություն ծավալվի քաղաքական գործիչների և զենք արտադրողների միջև, որպեսզի հնարավոր լինի պայմանավորվել՝ արտադրված զենքի մատակարարման «առաջնային ուղղություն դիտարկել Ուկրաինան»։