14/11/2023 15:49
Ոչ մի պայմանագիր չի զսպելու ադրբեջանցի դիպուկահարին. եթե անգամ կնքվի, գետնի վրա իրողություն չի փոխելու. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
Պաշտոնական Երևանը հնարավոր խաղաղության պայմանագիրը դիտարկում է երաշխիք, որը կկանխի ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը, ուժի կիրառումը, ես դա այնքան էլ իրատեսական չեմ համարում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ադրբեջանի ընկալմամբ՝ Հայաստանից որևէ սպառնալիք չկա, եթե այդպես է, ապա Բաքվին պետք չէ խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանին խաղաղություն պետք չէր, այլ՝ Արցախը։ Նպատակին հասավ։ Եվ եթե Բաքվին խաղաղություն պետք չէ, հասկանալի է, որ ոչ միայն, այսպես կոչված, խաղաղության օրակարգին ընդառաջ չի գալու, այլև մի բան էլ խոչընդոտելու է՝ անդադար ճնշում գործադրելով Հայաստանի վրա», - նշել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է գիտակցել, որ Բաքվի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելը ոչ թե գործիք է, այլ ինքնին նպատակ։
«Ով ասաց, որ խաղաղության պայմանագիրը կկանխի ուժի կիրառումը, ով ասաց, որ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելը կզսպի Ադրբեջանին, հետևաբար, հարցը պայմանագիր կնքելը չէ։ Ինքնին փաստաթուղթը չի կանխի էսկալացիան, չի զսպի Ադրբեջանի ախորժակը։ Եթե անգամ կնքվի այդ պայմանագիրը, չեմ կարծում, որ այն գետնի վրա իրողություն կփոխի»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ խնդիրը համակարգային է, լուծումն էլ է համակարգային լինելու, հնարավոր չէ գրչի մեկ հարվածով գոյաբանական սպառնալիքները չեզոքացնել․
«Պետք է ստեղծել իրողություն, որ Ադրբեջանի համար ուժի կիրառման դիմելն ավելի բարձր գին ունենա, քան այն արդյունքը, որ կստանա ուժի կիրառման դեպքում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։