14/11/2023 17:29
Արցախցիներն արարող, ստեղծարար մարդիկ են, կհաջողվի արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոց վաստակել. Սամվել Միրզախանյան
Հայրենի գյուղը՝ Հաթերքը, ճանաչելի դարձնելու ցանկությունը ամենամեծ մոտիվացիան էր «Հաթերք ֆուդ» -ը ստեղծելու։ Գործունեության հինգ տարվա ընթացքում ընտանեկան ջանքերով ստեղծված բիզնես գործունեության արդյունքում արտադրվել է տասներկու տեսակ բնական մեղր, «Հաթերք ֆուդ»-ը հասցրել է նաև միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններին արժանանալ ոսկե մեդալների։
«Հաթերք ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ Արցախի պատմական գյուղը նաև մեղրի արտադրությամբ ճանաչելի դարձնելու իրենց գործում քիչ հաջողություններ չեն ունեցել, բրենդի շնորհիվ հազարավոր զբոսաշրջիկների է գյուղը հյուրընկալել, կազմակերպել են ժենգյալով հացի փառատոն, առաջին տարում երեք հազարից ավելի զբոսաշրջիկ է գյուղ եկել, երկրորդ տարում՝ տասը հազար։
Պատերազմից հետո ընտանիքի՝ հայրենի գյուղի հետ կապված բոլոր երազանքներն ու նպատակները խմբագրվեցին, չնայած դժվարություններին՝ հիմա առավել մեծ ջանքերով են աշխատում՝ մտքում, սրտում փայփայելով մեծ երազանքը՝ հայրենի գյուղ վերադառնալը։
«Հիմա փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել Արցախից բռնի տեղահանված մեղվաբույծներին։ Հասկանալի է՝ ողբերգությունից հետո դժվար է ոտքի կանգնել, բայց ոչինչ չանելն ավելի վատ է, աջակցության ծրագրերը երկարաժամկետ չեն, սպառվելու են, աշխատել է պետք։ Արցախցիները արարող, ստեղծարար մարդիկ են, վստահ եմ, որ կարճ ժամանակում կհաջողեն արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոց վաստակել»։