14/11/2023 11:10
Գործընթացը տեղից շարժվել է. Փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
«Վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք», - նշել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։