14/11/2023 16:55
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունների իրացման վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնային պահանջը հայտնի ութ գյուղերի՝ անկլավների հանձնումն է։
«ՀՀ իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցրած օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության, այլ՝ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է։
««Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով»,- հավելեց նա։