14/11/2023 10:05
«Ժողովուրդ». Արցախի պատգամավորները փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում. չի հաջողվում կապ հաստատել նրա հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ: Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները և համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են:
Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ: Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, և հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի:
Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ևս արդեն տևական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որևէ արձագանք չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաև պատգամավորների միջև, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ: Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ: Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երևում է, դասեր չեն քաղում եղածից»։