14/11/2023 21:55
Լուկաշենկոն Փաշինյանին հորդորում է չշտապել ապաինտեգրման հարցում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին չմասնակցելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը՝ հավելելով, որ Լուկաշենկոն Փաշինյանին նաև կոչ է արել ՀԱՊԿ-ի հետ կապված հապճեպ որոշումներ չկայացնել։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հեռախոսակապի միջոցով Բելառուսի նախագահին հայտնել է, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊկ գագաթնաժողովին։
«Մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի որոշմանը Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերը Հայաստանի վաչապետին ուղարկվել է այնպես, ինչպես և այլ պետությունների ղեկավարներին, օրինակ՝ Ռուսաստանի նախագահին՝ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա հրավերն ընդունել է»,- ասել է Լուկաշենկոյի մամուլի խոսնակը։
«Եվ ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ ընդունելու փոխարեն լրջորեն մտածել այն քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Լուկաշենկոյի խոսնակը։