14/11/2023 23:23
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ»․ Ալիևի օգնականը ՀՀ իշխանությունից պատասխանի է սպասում
Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը՝ համապատասխան նշումներով և սպասում է Հայաստանի պատասխանին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Չնայած մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն երկու ամսից ավելի է՝ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմի կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու «պատմական շանս» կա, իսկ փաստաթուղթը ստորագրելուն խոչընդոտող հանգամանք այլևս չկա։
«Այն, թե որքանով է Հայաստանն այժմ պատրաստ դրան, լուրջ հարցեր է առաջացնում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- հայտարարել է Հաջիևը։