14/11/2023 15:31
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապելու գործում. Արարատ Միրզոյան
Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում, Լոնդոնում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա, իսկապես, նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Այս համաձայնագիրը մեզ ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների», - ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հպարտանում է այն զգալի առաջընթացով, որը ձեռք է բերել ժամանակակից, ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող, բաց և կենսունակ հասարակություն կառուցելու գործում:
«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Միացյալ Թագավորության շարունակական ներդրումն այս ջանքերում, և այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։
Չնայած այն հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, որ Հայաստանն առերեսվում է, ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատապես հանձնառու ենք մեր ժողովրդավարական ձգտումներին: Մենք շարունակում ենք կենտրոնանալ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման հնարավորությունների վրա: Այս համատեքստում Հայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային էությունը հաղորդակցությունների զարգացումն է ճանապարհների, խողովակաշարերի, մալուխների և հոսանքագծերի վերանորոգման, կառուցման և գործարկման միջոցով: Այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում:
Վստահ եմ, որ միասին կարող ենք նպաստել խաղաղությունը և արդարությունն արժևորող գլոբալ հանրությանը՝ հիմնված աճող մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համերաշխության վրա», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։