14/11/2023 09:46
«Ժողովուրդ». Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը:
Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա, թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որևէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան:
Ամեն դեպքում, միայն այսքանով թեկնածուների ընտրության շուրջ առաջացած խառնաշփոթը չի ավարտվում: Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, և այս տարվա օգոստոսին նա դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ հայտնելով, որ կազմակերպվի հանձնաժողովի երկու թափուր անդամների ընտրություն: ԱԺ նախագահի աշխատակազմը մինչ օրս ընտրության գործընթացը չի կազմակերպել. կա՛մ նրանք պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունեն, կա՛մ էլ կոռուպցիոն պատճառներով չեն կազմակերպել, մինչև ԱԺ նախագահի խորհրդականի թեկնածության մասով հարցերը կարգավորվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ԱԺ-ում ձևավորվել է ԿԿՀ անդամների ընտրության մրցութային խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (նրան էլ որոշ շրջանակներ փորձում են ուղարկել ԿԿՀ՝ որպես նախագահ), ԱԺ ՔՊ-ական խորհուրդը մերժել է ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը: Այսինքն՝ ԱԺ-ում մտադիր են առանց ընդդիմության անկախ հանձնաժողովի անդամներ ընտրել:
Մրցութային խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, վերը թվարկված 3 թեկնածուների գործունեության բարեվարքության մասով հարցումներ է ուղարկել տարբեր կառույցներ, և, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խորհրդի հարցումներին մինչ օրս ոչ բոլոր կառույցներ են պատասխանել: Այսինքն՝ խորհրդարանական երկրում ԱԺ պաշտոնական հարցումները մնացել են անպատասխան, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, ի վիճակի չէ իր պաշտոնական պարտականությունները կատարել:
Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետևյալը. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։
Իրավիճակը ճիշտ նման է ՀՀ օմբուդսմենի պաշտոնի շուրջ առաջացած վիճակին, երբ գրեթե 3 ամիս ՀՀ-ն չուներ օմբուդսմեն: Ստացվում է, որ ընդամենը մի քանի օրից ՀՀ բոլոր պաշտոնյաների ունեցվածքը խոշորացույցի տակ պահելու հանձնառություն ունեցող կառույցը կմնա առանց նախագահի: Այս խայտառակ իրավիճակի մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը հայտնեց՝ բոլոր ժամկետները պահպանված են, խախտում չկա, հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը մեկ օրվա աշխատանք չէ:
Նկատենք, որ ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաև ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. այն ապաքաղաքական, անկախ մարմին է և աշխատում է կոլեգիալ սկզբունքով»։