14/11/2023 10:34
Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը, հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ (Aravot.am)
«Գետնին, որտեղ ընկած էին զոհված զինվորների մարմինները, հետքեր կային։ Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը։ Հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ։ Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը», - այս մասին պատմել է Ցորի խմբի զոհված զինծառայողներից Ռ.Պ-ի ազգականը, որը նախքան տղաների որոնողական աշխատանքներին մասնակցելը, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել էր ադրբեջանցիների նկարահանած երեք տեսանյութերը, որտեղ հենց Ցորի տղաների մարմիններն էին երեւում:
Ռ.Պ.-ի աջ ձեռքը հարազատները ճանաչել են, քանի որ այն երևում էր նույն դիրքում, ինչ ադրբեջանցիների տարածած տեսանյութում, երբ նա ընկած էր գետնին։ Հիշեցնենք, որ Ցորի խմբի տղաները 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ՝ դիվերսիոն խմբի կողմից։
Արդյունքում, խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում: Ըստ Ռ.Պ-ի ազգականի՝ ադրբեջանցիները տեսանյութերից մեկը նկարել են գիշերը՝ հայ զինվորներին սպանելուց հետո։ Վկան տեսագրությունը տեսել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին: Ըստ նրա՝ տեսանյութում Ռ.Պ.-ի գանգը ուռել էր։ Զոհված հերոսի մասունքները վկան և նրա ընտանիքի անդամները միայն ԴՆԹ անալիզով նույնականացման արդյունքում են ճանաչել: Նա պատմել է, որ տեսանյութերից մեկում զոհված զինվորների ականջները կտրված էին. «Մենք դժոխքի միջով ենք անցել: Երբ հետ եմ նայում, չեմ հավատում այդ ամենին»։
2021 թվականի ապրիլի 2-ին խմբի այլ տղաների այլ հարազատների հետ վկան որոնողական աշխատանքների նպատակով գտնվել է Արցախում՝ Ջուվարլուում։ Նրանց ուղեկցել են ԿԽՄԿ-ն և ադրբեջանական կողմը։
Առավել մանրամասն՝ այստեղ։